Կյանքից հեռացավ մեր սիրելի դասախոսը՝ բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ, դոցենտ, հաղորդավար, ռեժիսոր ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
Նրա անցած ճանապարհը գիտության մեջ և արվեստի տարբեր ոլորտներում սերունդներին ու ժողովրդին անկեղծ նվիրումի տարեգրություն էր: Նա կոչումով մանկավարժ էր, անհայտը բացահայտող, ուրիշների համար անտեսանելի, թաքնված արժեքը նկատող ու վեր հանող ճշմարիտ մտավորական: ՈՒ երբ նրան ասում էինք՝ շնորհակալ ենք, որ սովորեցնում եք տեսնել գեղեցիկը, տեսնել ամենակարևորը, պատասխանում էր. «Դա ձեր մեջ կա, ես արթնացնում եմ»:
Զավեն Հարությունյան-մանկավարժն օգնում էր ուսանողներին ինքնաբացահայտվել՝ երբեք որևէ մեկին աննկատ չթողնելով:
Մեր պրոֆեսորի վարած յուրաքանչյուր դասը կյանքի փիլիսոփայություն էր, իսկ հայրենասիրությունն ու ազգասիրությունը նրա համար այն արժեքներն էին, որոնց մասին երբեք չէր խոսում բարձրաձայն:
Զավեն Հարությունյանը, 1960-ականներից սկսած, պարբերաբար ներգրավվել է հայկական հեռուստատեսության տարբեր ծրագրերում, դերակատարումներով մասնակցել է մանկական ներկայացումներին, վարել է «ABC» երիտասարդական, «Ֆրանսերենի հեռուստադպրոց» հաղորդաշարերը: Կազմակերպել է մշակութային տարաբնույթ միջոցառումներ: Հեղինակել է բազմաթիվ գիտական հոդվածներ, գիտամեթոդական աշխատություններ, ուսումնական ձեռնարկներ: Վերապատրաստվել է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի համալսարանում և ստացել էստրադային ռեժիսորի մասնագիտություն: 1994-97 թվականներին եղել է Երևանի Մարզահամերգային համալիրի փոխտնօրենը: Կազմակերպել է բազմաթիվ մասշտաբային միջոցառումներ, ամանորյա, հոբելյանական երեկոներ` «Փարիզյան էսքիզներ», «Պատնեշ», «Բոհեմ», «Վերջին սկիզբ` Սիմոն Տերյան», «Արամ Սաթյան» և այլն: 1996թ. ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ամբիոնի դասախոսների և ուսանողների ուժերով ստեղծել է թատերախումբ և «Գանձի առեղծվածը» խորագրով ներկայացումով հանդես եկել Ֆրանսիայի մի քանի քաղաքներում: 2002թ. Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Ակնթարթ» ծրագիրը: 2003-ից «Կենտրոն» հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Դիպված» հաղորդաշարը, որը եթերում էր տասը տարուց ավելի:
Երբ ստեղծվում էր «Դիպված» հաղորդաշարը, Զավեն Հարությունյանը ուսանողների մեր խմբին ֆրանսերեն էր դասավանդում Երևանի «Գլաձոր» համալսարանում: Մինչև հիմա տպավորված ենք, թե նա ինչպիսի ոգևորությամբ էր ուսանողներիս հետ կիսվում իր ապագա հաղորդաշարի գաղափարով: Դասերից մեկի ժամանակ քննարկում էինք մեր հեռուստաեթերի որակը, ցավով շեշտելով, որ զգալիորեն պակասել են ազգային-մշակութային, մարդկային արժեքները վեր հանող հաղորդումները: Մենք վստահ էինք, որ որևէ հաղորդման «բարձր» վարկանիշը (եթե դրանք կարելի էր հաղորդում կոչել) միշտ չէ, որ բարձր որակի արդյունք է, որ դրանք թաքնված ենթատեքստով մեր արժեհամակարգն են ոչնչացնում, անգամ ծաղրում մշակութային-պատմական ժառանգությունը: Նա մտավորականին հատուկ խորաթափանց հայացքով էր նայում այդ ամենին ու պատմում էր, թե ինչպիսին են լինելու ապագա հաղորդման կառուցվածքը, ռեժիսորական լուծումները: «Այսօր մոռացվել է մտածող մարդը,-ասում էր:-Պետք է լինեն հաղորդումներ, որոնք կխոսեն մարդու հոգու հետ, կլինեն մարդու մասին»:
ՈՒ ծնվեց «Դիպված» հաղորդաշարը, որի ամեն մի թողարկումը հանդիպում էր մեր կողքին ապրող ծանոթ ու անծանոթ հերոսների, մարդկային ճակատագրերի հետ: Ամեն մի հաղորդումը, կարելի է ասել, մի հեռուստավեպ էր՝ ինքնատիպ լուծումներով, մեկը մյուսին չկրկնող, հեռուստադիտողին էկրանին գամող: Մեր առջև հառնում էին հաղորդման հերոսների կերպարները՝ իրենց կյանքի դիպվածներով, ներաշխարհի թաքնված ծալքերով, որոնց ճանաչում, բացահայտում էինք նորովի: Հերոսների կերպարները բացահայտելու անսովոր հնարքները, հազվագյուտ վավերագրական տեսանյութերը, փիլիսոփայական հարցադրումներն ու զրույցները, անակնկալները , նաև բեմադրված դրվագները դառնում էին մեկ ամբողջություն ու ներդաշնակություն:
Հաղորդման առաջին հերոսը հայ թատրոնի և կինոյի ականավոր դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանն էր, ով սիրով համաձայնել էր դառնալու նորաստեղծ հաղորդման առաջին հյուրը: Երկրորդ թողարկման հերոսը մեր մյուս ամենասիրելի դասախոսներից մեկն էր՝ անվանի թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող Արմեն Հովհաննիսյանը: Նա ակնհայտորեն այնքան էր հուզվել իրեն նվիրված հաղորդումից, մթնոլորտից, որ ակամա ասաց. «Զավեն, հո դու մարդասպան չե՞ս…»:
Հաղորդումը, իսկապես, վեր էր հանում հերոսների հոգևոր աշխարհը: Իզուր չէ, որ հասարակական-քաղաքական գործիչ, հրաշալի հայուհի Ջեմմա Անանյանը, լինելով հաղորդումներից մեկի հյուրը, այն անվանեց «Հույզերի հրավառություն»:
Զավեն Հարությունյանն ապրում էր իր հերոսների ճակատագրով՝ բառի բուն իմաստով: Եղել են նաև հաղորդումեր, որոնց միջոցով վեր էր հանում կյանքի դիպվածով ծանր իրավիճակներում հայտնված մարդկանց ճակատագիրը, ամեն ջանք ներդնելով՝ օգնում, որ լուծում գտնեն նրանց խնդիրները:
Նա իր վարած հաղորդումներով հեռուստաեթերում պահպանում էր մարդկային արժեքային համակարգը և մարդուն՝ մեր մեջ: Իսկ իր գիտամանկավարժական գործունեության ընթացքում ձևավորում էր մտավոր ու հոգևոր մեծ ներուժով օժտված սերունդ՝ արժանապատվորեն դիմակայելու կյանքի անարդարություններն ու մարտահրավերները, պատգամում էր լինել ուժեղ ու չհանձնվող, միշտ հիշեցնելով Ավետիք Իսահակյանի՝ իր հաղորդման բնաբանը դարձած «Կտակ» բանաստեղծության տողերը.
Կյանքն է ամպի փախչող ստվեր,
վայրկյանն է միշտ իրական.
Բախտի կռանը կամքն է թեև,
բայց դիպվածն է տիրական:
Զգացմունքն է գերիշխանը,
խելքը` նրա լոկ ծառան.
Բայց դու խելքդ վրադ պահի՛ր,
ինչպես պողպատ կուռ վահան:
Այսպես մեր կողքին ապրեց լուսավոր ու տաղանդավոր Մարդը, կոչումով մանկավարժն ու մտավորականը: Ապրեց՝ արժևորելով մարդուն, աճող սերունդը: Նա, հանրապետությունում ֆրանսերենի լավագույն մասնագետներից մեկը լինելուց առաջ, ազգասեր հայորդի էր, ով մշտապես բարձր պահեց մեր մշակույթը և այդ մշակույթն այսօր վերարտադրող, հաջորդ սերունդներին փոխանցող, ստեղծագործող հայ մարդուն: Նա իր ներկայությամբ մթնոլորտ էր ստեղծում, և այս ազնվական տեսակի բացակայությունը շատ ենք զգալու:
Հասմիկ Պողոսյան